Ադրբեջանը փորձում է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատել նաև բարոյական-արժեքային դաշտում
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն անդրադառնալով Ադրբեջանից բենզինի ներկրմանն ու դրա շուրջ իշխանության ստեղծած աղմուկին՝ գրում է․
«Բայց, այդուհանդերձ խոսենք ադրբեջանական բենզինի մի կարևոր ասպեկտի մասին:
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայության հարցում Ադրբեջանը միայն ռազմական և քաղաքական բաղադրիչներով չէ, որ փորձում է շարժվել առաջ: Եվ ոչ էլ տնտեսական, որ կարող է թվալ բենզինի պատմությունից:
Ադրբեջանը փորձում է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատել ընդհուպ բարոյական-արժեքային դաշտում: Բերեմ մի օրինակ: Ինչու՞ է օրինակ Հայաստանի անգամ որևէ պատգամավորի «արգելվում» օգտագործել Արցախ բառը: Ադրբեջանն այդտեղ վտա՞նգ է տեսնում: Իհարկե ոչ:
Դա բարոյական-արժեքային թիրախավորման դաշտում է՝ ստիպել մարդկանց, որոնք ընդամենը երկու-երեք տարի առաջ գրեթե երդվել են Արցախի անունով, Աղդամը իրենց հայրենիք են համարել, և այլն, և այլն՝ հրապարակավ արտահայտել արմատապես, հիմնավորապես հակառակ մոտեցումներ և դեմքի աներեր ու անամոթ արտահայտությամբ հիմնավորել, որ նախկինում սխալվել են:
Այստեղ հարցն այն չէ, որ թե Ադրբեջանի հանդեպ, թե հանրության աչքին բարոյազրկվում են այդ մարդիկ, որոնք ներկայացնում են պետական իշխանությունը: Հարցն այն է, որ այդ մարդիկ այդպիսով կամա, թե ակամա դառնում են բարոյազրկման օրինակ, իրենց օրինակով քանդում են տասնամյակներով հաստատված բարոյահոգեբանական, արժեքային որոշակի կառուցվածքներ: «Ամեն ինչ» դառնում է «կարելի»:
Ըստ էության, այդ հանգամանքը Ադրբեջանն առաջ է տանում մի քանի այլ ուղղություններով, որոնցից մեկն էլ բենզինի պատմությունն է: Հայաստանի հանրությանը մատուցվում է օրինակ, երբ կարելի է սպառել նաև մի պետության ապրանք, որը ոչ միայն ռազմական ագրեսիա է կիրառել Արցախի ու Հայաստանի հանդեպ, այլ շարունակում է Հայաստանի հանդեպ հավակնությունների իր քաղաքականությունը՝ այն էլ միանգամայն անթաքույց:
Այս պարագայում ադրբեջանական ապրանքի սպառումը առաջին հերթին Հայաստանի հանրային օրգանիզմի բարոյական համակարգի ապամոնտաժման մի հերթական քայլ է, Հայաստանի հանրության հանդեպ հոգեբանական գերակայության մի քայլ, որը՝ «ամեն ինչ կարելի է» սկզբունքով ապամոնտաժելով էական հասկացություններ, միտված է Հայաստանի հանրային օրգանիզմը բարոյական ողնաշարից զրկելուն»:

