Հունգարիան, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրմանը
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրո անտոկոս վարկի տրամադրմանը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նրանք հրաժարվել են աջակցել Ուկրաինային և դեմ են արտահայտվել դրան, սակայն փոխարենը համաձայնել են չօգտագործել վետոյի իրենց իրավունքը և չեն խոչընդոտել փաթեթի ընդունմանը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ չէր ցանկանա, որ Եվրամիությունը պատերազմի մեջ լինի։
«Գումար տալը նշանակում է պատերազմ», – ասել է Օրբանը։
Նա նաև «փակուղի» էր որակել ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ծրագիրը, որը Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքում մերժվել էր։
Իր հերթին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրմանը։ Չեխիան ևս վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ միացել է հրաժարման գործընթացին:
Հայտարարության համաձայն՝ Ուկրաինային տրամադրվող միջոցները չեն գանձվի վերոնշյալ երեք երկրներից և չեն ազդի նրանց ֆինանսական պարտավորությունների վրա։

