Ռուբենը և հայ մյուս քրիստոնյա բանտարկյալները բանտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը պաշտպանելու համար. Գենսեր
Իմ հաճախորդ Ռուբեն Վարդանյանի գործում՝ նրա ցուցադրական քաղաքական դատավարության շրջանակում, որն ընթանում է Բաքվի ռազմական դատարանում, տեղի է ունեցել իրադարձությունների ահավոր, բայց սպասելի զարգացում։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Х-ի իր օգտահաշվում։
«Հերթական դռնփակ նիստում պետական մեղադրողներն ավարտեցին իրենց «ապացուցողական բազայի» ներկայացումը և պահանջեցին Ռուբենին դատապարտել ցմահ ազատազրկման՝ տասնյակ շինծու մեղադրանքների հիման վրա։
Սակայն ճշմարտությունն այն է, որ Ռուբենը, ինչպես և մյուս հայ քրիստոնյա բանտարկյալները, բանտում են միայն այն պատճառով, որ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ»,- գրել է Գենսերը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

