ՀԱՊԿ-ը կընդլայնի համագործակցությունն ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնի համագործակցությունն ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ, դա թույլ կտա մեծացնել կազմակերպության հնարավորություններն ու նրա ազդեցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

Պատասխանելով այն հարցին՝ կա՞ արդյոք այլ երկրներից կազմակերպությանը միանալու հայտերի ընդունման հավանականություն, նա նշել է, որ այս պահին նման հարցումներ չկան։ Պաշտոնյան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հետ գործընկերության հարցում «պետք է խոսել ոչ միայն միության հնարավոր նոր մասնակիցների, այլև գործընկերների մասին՝ ի դեմս միջազգային կազմակերպությունների»:

«Ընթացիկ տարվա աշնանն ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներն ստորագրել են համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ: Խոսքն այն մասին է, որ փոխգործակցության մյուս ձևաչափերը ևս, որոնք չեն ենթադրում նոր անդամների անմիջական ներառում միության կազմ, պակաս հեռանկարային չեն. դրանք, իրենց հերթին, ընդլայնում են ՀԱՊԿ-ի հնարավորություններն ու նրա ազդեցությունը», – նշել է Թասմաղամբետովը:

Ընդ որում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Եվրասիան այժմ շատ դժվարին ժամանակներ է ապրում անվտանգության տեսակետից»: