Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ
Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը, իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցության գործընթացին։
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրվել են չափազանց կարևոր զարգացումներ՝ մասնավորապես, մատնանշելով սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Դեսպան Հակոբյանը հիշեցրել է, որ այդ փաստաթղթով կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախության ճանաչումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բացի այդ, հստակ ամրագրվել է նաև, որ կողմերը չունեն և հետագայում չեն առաջադրի միմյանց նկատմամբ որևէ տարածքային պահանջ։ Նույն օրը ստորագրվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որով նրանք ողջունել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Բացի այդ, Երևանն ու Բաքուն համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահությանը Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, ինչը պաշտոնապես դարձել է հակամարտության ավարտի ամենաբարձր մակարդակի հաստատումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ իրավահարաբերությունների ձևավորման համատեքստում կարևոր է նշել 2024թ. օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև համատեղ գործունեության մասին ստորագրված կանոնակարգը: Դրանով կողմերը հանձնառություն են ստանձնել առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, որին համապատասխան Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել և հարգել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած 12-րդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում և նշվել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, ԱՀ և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ և ԱՀ սահմանն ԻԻՀ հետ սկսելու վերաբերյալ»,-մանրամասնել է Իրանում ՀՀ դեսպանը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի եռակողմ պայմանավորվածությունների առանցքային ուղղություններից է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը։
«Արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լրջագույն դրական տեղաշարժ են ապահովել խաղաղության օրակարգում՝ էապես նվազեցնելով անվտանգային ռիսկերը և ձևավորելով փաստացի խաղաղության միջավայր մեր տարածաշրջանում։ Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ բարեկամ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ միջազգային հանրությունը կշարունակի խրախուսել Ադրբեջանին՝ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք և կատարելու վերջին քայլը՝ վերջնականորեն ստորագրելով խաղաղության համաձայնագիրը»,-շեշտել է դեսպանը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։
«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։

