Չինաստանի ԱԳՆ-ն բնութագրել է երկրի արտաքին քաղաքականությունը

Չինաստանի արտաքին քաղաքականությունը անկախ է և խաղաղ, իսկ երկրի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ՝ հետևողական և հստակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ եվրոպական երկրները պատրաստ են մերձենալ Պեկինի հետ, եթե Վաշինգտոնը առաջ մղի Ուկրաինայի վերաբերյալ «անհարմար» գործարքը։

«Չինաստանը հետևողականորեն վարում է անկախ, խաղաղ արտաքին քաղաքականություն և հավատարիմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների և համագործակցության զարգացման սկզբունքներին՝ հիմնվելով խաղաղ համակեցության հինգ սկզբունքների վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Գո Ցզյակունի խոսքով՝ Պեկինը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու բոլոր ջանքերին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև հույս է հայտնել, որ կողմերը շուտով բանակցությունների միջոցով կհասնեն արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: