Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան

«Կուսակցությունն ինձ հրավիրել է, կարճ քննարկման, որից հետո տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ  կուսակցությունն ի դեմս վարչության նախագահի, տարածել է  հայտարարություն, ըստ որի՝ ովքեր ցանկանում են առաջադրվել ԱԺ առաջիկա ընտրություններում ցուցակում ընդգրկվելու համար, կարող են դիմել նոյեմբերի 1-30-ը, իսկ դեկտեմբերի 1-31-ը կհաստատվի ցուցակը, որից հետո համագումարում կդրվի քվեարկության, որտեղ էլ պատվիրակները կքվեարկեն, ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն կլինի առաջին համարը, այնուհետև ըստ ձայների քանակի կձևավորվի ցուցակը։

Հ. Սարգսյանի խոսքով, այս պահին ունի երկու  ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում կամ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով  կուսակցականի իր իրավունքները։

«Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Սա անում եմ նաև իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի  համար»,- նշել է նա։

Հարցին՝  թե ինչու է վարչությունը մերժել իր առաջադրումը, նա պատասխանել է. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց»։

Նրա խոսքով․«Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, վերաբերում է օն-լայն կազինոների հարկերը կրկնապատկելուն»։

Նա նաև խոստացավ առաջիկայում խոսել Ալեն Սիմոնյանի հետ հարաբերության մասին, որին իր ընկերը չի համարում՝ ի տարբերություն Տիգրան Ավինյանի։