Հաջորդ տարվա սկզբից մենք որոշակի խորհրդանշական քայլեր կձեռնարկենք. Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը առավել քան երբևէ. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դեսպանների համաժողովում։

Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ խաղաղության է ձգտել, այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։

«Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լինելով, մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացները Հայաստանի հետ։ Աստծո կամոք, հաջորդ տարվա սկզբից մենք որոշակի խորհրդանշական քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «առանցքային փոփոխություն» տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է տարածաշրջանում ստեղծել խաղաղության և կայունության գոտի, որտեղ բոլոր կողմերը կլինեն շահողի դերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին ՀՀ-ի հետ սահմանը բացելու հնարավորությունը։