«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Հայաստանի պատվիրակ Ալբերտը Brave Heart «Քաջ սիրտ» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրն առցանց քվեարկությամբ կարող էր www.jesc.tv կայքի միջոցով ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և ավարտվեց դեկտեմբերի 13-ին մրցույթից անմիջապես առաջ:
Այն վերաբացվեց ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված էին: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը 12-ական միավոր ստացավ Մալթայից, Ուկրաինայից, Վրաստանից, 3 միավոր՝ Ադրբեջանից, 7 միավոր՝ Խորվաթիայից, 4-ական միավոր՝ Սան Մարինոյից, Իսպանիայից, 8-ական միավոր՝ Իռլանդիայից, Լեհաստանից, Ալբանիայաից, 6-ական միավոր՝ Նիդեռլանդներից, Մոնտենեգրոյից, Պորտուգալիայից, 1 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 10-ական միավոր՝ Կիպրոսից, Ֆրանսիայից:
Ալբերտը ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 117 միավոր:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 175 միավոր:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Մալթայի մասնակցին։

