Ֆրանսիայում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության
Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Ֆրանսիայի կառավարության բյուջետային քաղաքականության։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բողոքի ցույցը տեղի է ունեցել Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի և այլ արհմիությունների կոչով։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները հավաքվել են Փարիզի Բուրս հրապարակում՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը կառավարության բյուջետային քաղաքականության հետ։
Նրանք պահանջել են սոցիալական և ֆինանսական արդարություն, հավասարություն աշխատողների և թոշակառուների համար, ինչպես նաև դեմ արտահայտվել խնայողության միջոցառումներին։
Նշվում է, որ երկրի 2026 թվականի բյուջեի նախագիծը քննարկվում է Սենատում (խորհրդարանի վերին պալատ)։ Կառավարությունը նախատեսում է կրճատել ծախսերը բոլոր ոլորտներում, բացառությամբ պաշտպանության, որտեղ նախատեսվում է ավելացնել ծախսերը 6,7 միլիարդ եվրոյով։
Ըստ աղբյուրի՝ բյուջետային խնայողության միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի կառավարությունը, ի թիվս այլնի, հայտարարել է սոցիալական նպաստները կրճատելու և կենսաթոշակային ինդեքսավորումից հրաժարվելու իր մտադրության մասին։

