Տեսագրությունները կեղծիք են և սուտ. Արշակ Սրբազան

Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում և կուզեի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանություններին, տեղեկություններին պարզաբանումներ ներկայացնել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ ՀՀ–ում։ Իմ վերապահումները հանրայնորեն չեմ արտահայտել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը իշխանությանը՝ համարելով, որ միգուցե ես եմ սխալվել։ Դժբախտաբար, ես այս դեպքում չեմ սխալվել։ Այն անձը, որ առաջնորդում էր քաղաքական պրոցեսները ՀՀ–ում, որևէ վստահություն չէր ներշնչում ինձ։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։

Սա մի մարդ է, որն իր ողջ կենսագրության ընթացքում առաջնորդվել է շանտաժով, վիրավորական, զրպարտչական գործելաոճով։

2020-ին մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք ազգային համերաշխությունը, կեղծ պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը։ Այդ պայմաններում ես անբարոյական եմ համարել որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Ես դա արտահայտել եմ և այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ։ Այդ անձը, այդ իշխանությունը չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանանա՝ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը»,–ասաց նա։

Արշակ Սրբազանը նշեց, որ իր դիրքորոշումներից հետո իրեն հրավիրել են ԱԱԾ, հանդիպումներ, զրույցներ են եղել. «Իհարկե, ակնկարկներ եղել են որոշ գործողություններ իրականացնելու, բայց որոշապես հասկանալի է դարձել, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի, ահաբեկչության ներշնչմամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։

Որևէ տեղեկատվական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբևէ կարող էի արած լինել։

Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, իմ կենսագրության, իմ արածների հետ։ Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են և սուտ են։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»,– հայտարարեց նա։