Երևանում օդի աղտոտվածությունն առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրական դիրքով․ Տիգրան Ավինյան

«Օդի որակի չափումներից ստացված  տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը  մեզ մոտ վատթարանում է  նոյեմբերի կեսերից, սկսում է  բարելավել մարտի կեսերից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա, ամենացավալին այն է, որ բավականին բարդ գործոններով է պայմանավորված. առաջին հերթին աշխարհագրական դիրքով, այս սեզոնին նաև որոշակի եղանակային պայմաններով։

«Իհարկե, լուծումներ կան,  որոնք շատ բարդ են։ Եվ այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն, մասնավորապես եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,- ասաց Ավինյանը։

Կարճաժամկետ լուծումների պարագայում, նրա խոսքով, կարող են 10-15 օր մի փոքր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անել, ինչը 20 տոկոսի ազդեցություն կունենա։