Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն
Այլ տարբերակ չկա
ԱՄՆ- ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ժնևում նոյեմբերի 23- ին կայացած բանակցությունների արդյունքում կողմերին, ինչպես արդեն հայտնի է, չի հաջողվել ամբողջությամբ համաձայնեցնել Թրամփի «խաղաղության ծրագիրը»: Որոշ վիճելի հարցեր «ուղղվել» են… Թե իրենցից ինչ են ներկայացնում ծրագրի «ուղղված» դրույթները, դեռ հայտնի չէ, ու մեծ հարց է, թե Ռուսաստանը կատարված «ուղղումներից» հետո արդյոք կընդունի՞ Թրամփի առանց այն էլ անընդունելի խաղաղության ծրագիրը:
Մանավա՛նդ, եթե նկատի ունենանք, որ համաձայնեցված հարցերի թվում են նաև Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը, Զապորոժիեի ԱԷԿ- ի շուրջ ստեղծված իրավիճակը… Ինչ- որ բան հավանաբար հուշում է նաև այն, որ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը երկխոսությունը բնութագրել է որպես «շատ արդյունավետ»:
Պատվիրակությունները տարածքներին և Ուկրաինայի Սահմանադրության մեջ ՆԱՏՕ- ին այդ պետության չանդամակցելու մասին դրույթի ամրագրմանը վերաբերող հարցերի քննարկումն ու համաձայնեցումը որոշել են թողնել Թրամփի և Զելենսկու հանդիպմանը: ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում կատարած գրառմամբ հաստատել է, որ «Մնացել են միայն մի քանի կետեր, որոնց շուրջ տարաձայնություններ կան»:
Ինչպես հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կիևում անանուն աղբյուրին, Վաշինգտոնը և Կիևը լուրջ տարաձայնություններ են պահպանում ամերիկյան խաղաղության ծրագրի երեք առանցքային կետերի շուրջ, ներառյալ՝ Դոնբասի կարգավիճակը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ- ին:
«Գոյություն ունի առնվազն երեք առանցքային ոլորտ, որտեղ պահպանվում են էական տարաձայնությունները»,- CNN- ին ասել է անանուն աղբյուրը և հավելել, որ չնայած ծրագրի կետերի մեծ մասի հետ կապված առաջընթացին, սկզբունքային հարցերը մնում են չլուծված:
Վիճելի հարցերից մեկը մնում է Դոնբասի այն տարածքների ապագա կարգավիճակը, որոնք այժմ վերահսկվում են Ուկրաինայի ԶՈւ կողմից։ Աղբյուրը նշել է, որ այս կետի վերաբերյալ վերջնական ձևակերպումները կողմերի միջև դեռևս համաձայնեցված չեն: Կիևը նաև մերժում է Ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակման և ՆԱՏՕ- ին անդամակցությունից հրաժարվելու պահանջները: Ուկրաինական կողմը պնդում է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի ավելի բարձր ցուցանիշների վրա, քան ի սկզբանե առաջարկված 600 000 զինծառայողները։
Բրիտանական «Financial Times» թերթի տվյալներով՝ Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում Ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ- ի խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19 կետ: Ընդ որում, թեև տվյալ հրապարակման մեջ չի հստակեցվում, թե որոշակի որ դրույթներն են հանվել փաստաթղթից, սակայն արդեն իսկ հայտնի է դարձել, որ ծրագրից հանվել է այն դրույթը, ըստ որի, Կիևը Դոնբասի այժմ իր ԶՈւ վերահսկողության ներքո գտնվող տարածքները պետք է հանձնի ՌԴ- ին և Դոնբասի ողջ տարածքի նկատմամբ ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսանդր Բևզը, որը մասնակցել է ժնևյան բանակցություններին, հաստատել է, որ փաստաթուղթը էական փոփոխությունների է ենթարկվել: Հարցազրույցում նա հայտարարել է, որ խաղաղության ծրագրի սկզբնական տարբերակը փաստացի կորցրել է իր ձևը. որոշ կետեր բացառվել են, մյուսները՝ փոփոխվել:
«28 կետից բաղկացած պլանը, ինչպես բոլորը տեսել են, այլևս գոյություն չունի»,- նշել է Բևզը, սակայն հետագայում ճշտել, որ ծրագրի կետերի մի մասը միավորվել է այլ կետերի հետ:
«The Guardian»- ի հրապարակման համաձայն, Ուկրաինան կարողացել է զգալի փոփոխություններ մտցնել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ- ի խաղաղության ծրագրում՝ դրանից բացառելով անընդունելի համարվող դրույթները: «Bloomberg»- ի տվյալներով ՝ խաղաղության ծրագրի սկզբնական տարբերակից բացառված դրույթները կձևակերպվեն առանձին փաստաթղթերի տեսքով և քննարկման առարկա կդառնան հետագա բանակցություններում:
«The New York Times» թերթի տեղեկացմամբ, ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրաժարվել Ժնևում կատարված ճշտումներից, փոփոխություններից հետո Ուկրաինական հակամարտության հարցով նորացված խաղաղության ծրագրից:
Ընդգծենք՝ շատ ճիշտ էլ կանի, եթե մերժի, մանավանդ, որ կատարված փոփոխությունները թեկուզ այն մասով, որոնց վերաբերյալ արդեն իսկ հայտնի է դարձել, լիովին բավարար առիթ ու հիմք են մերժելու նորացված ծրագիրը:
Նույնիսկ չնորացված ծրագիրն էր մերժման ենթակա: Թե ինչու, կբացտրենք հաջորդիվ, այժմ նշենք միայն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք հավանություն չի տվել Թրամփի 28 կետանոց «խաղաղության ծրագրին», չի հայտարարել, թե այն իր կամ Ռուսաստանի կողմից ընդունելի է, այլ ընդամենը հայտնել, որ տվյալ ծրագիրը կարող է դրվել Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հիմքում: Դա նշանակում է ծրագրի վերանայում ու խմբագրում՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և շահերը հաշվի առնելով, և այդ ամենի հիման վրա նոր միայն՝ բանակցությունների արդյունքում խաղաղության համաձայնագրի ստորագրում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

