Հռոմի պապն ու Էրդողանը կհանդիպեն՝ «խաղաղության շուրջ քննարկում ունենալու համար»
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Հռոմի Պապ Լևոն 14-րդը նոյեմբերի 27-ից 30-ը լինելու է Թուրքիայում։
Սոցցանցում կատարած գրառմամբ՝ Դուրանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Պապի և Էրդողանի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկելու են Թուրքիա-Վատիկան հարաբերություններին, Պաղեստինի շուրջ տիրող իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր։
Նշվել է նաև, որ նոյեմբերի 28-ին՝ ուրբաթ օրը, Լևոն 14-րդը այցելելու է Նիկեայի (Իզնիկ) Բազիլիկա և Այա Սոֆյա մզկիթ։ Այցը նվիրված է Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցին։
Թուրքական մամուլում նշվում է, որ Հռոմի Պապի այցը Թուրքիա կարևոր քայլ է երկկողմ դիվանագիտական հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից։ Ընդգծվում է նաև, որ ակնկալվում են քննարկումներ՝ Մերձավոր Արևելքում տիրող հումանտիար իրավիճակի և խաղաղությանը միտված քայլերի վերաբերյալ։

