Այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները. չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը. Ռուբեն Գրիգորյան
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար, մասնավորապես շնչառական, սրտանոթային, ալերգիկ և այլն։ Այս մասին այսօր ասուլիսին ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:
«Իհարկե, ռիսկի գործոնը կա, դա ոչ ոք չի հերքում, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե օդը որ ցուցանիշներով է աղտոտված, ինչ ժամանակահատվածում։ Մենք գիտենք, որ հիվանդությունների առաջացման ու զարգացան պատճառները բազմագործոն են, այդ թվում՝ վարքագծային։ Եվ չի կարելի էլ ասել, որ հենց այս մի գործոնով պայմանավորված հիվանդության աճ կամ զարգացում կա»,- նշել է Ռուբեն Գրիգորյանը։
Մասնագետն ընդգծել է՝ այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները, հատկապես, հրդեհային տարածքներին մոտ գտնվող բնակավայրերում։ Դրանից բացի, չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը։
Գրիգորյանը նաև հորդորել է. «Կարևոր է, որ առողջության հետ կապված որոշակի անհանգստություն ունենալու դեպքում մարդիկ չզբաղվեն ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց»։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ վերջին օրերին օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ պայմանավորված՝ Արարատյան գոգավորության հատվածում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակն անհանգստություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում։

