Հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն․ ՆԳՆ փրկարար ծառայություն
Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։
Նոյեմբերի 26-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է, միևնույն ժամանակ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավել փրկարարական ծառայողներ, ովքեր շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության և Պաշտպանության նախարարության հետ:
Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․
• Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,
• Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,
• Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,
• Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,
• Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։
Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։
Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։
Իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում ՀՀ ՆԳՆ հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Խստորն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։
ՆԳՆ փրկարար ծառայություն

