Ռուսաստանի և Ուկրաինայի նոր փոխադարձ հարվածներից կան զոհեր

Ռուսական ուժերը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում 6 մարդ է զոհվել, 9 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում խոցվել է 9-հարկանի բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև 22-հարկանի բնակելի շենք։

Օդեսայի մարզում ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին և նավահանգստային ենթակառուցվածքին, 6 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։ 

Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 250 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ռոստովի մարզում ուկրաինական հարվածներից 3 մարդ է զոհվել։ Թիրախավորվել են Տագանրոգ քաղաքը և հարակից գյուղը, արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների զանգվածային հարվածներից վնասվել է 7 բազմաբնակարան շենք, 4 մարդ վիրավորվել է։ Գելենջիկում վիրավորվել է 1 մարդ։

Կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են՝ չնայած ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ 28 կետից բաղկացած առաջարկն՝ ուղղված հակամարտության դադարեցմանը։