Նախատեսվում է ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլի և ռուս պաշտոնյաների հանդիպումը
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, որը վերջերս այցելել էր Կիև, այժմ գտնվում է Աբու Դաբիում, որտեղ բանակցություններ է վարում ռուս պաշտոնյաների հետ, հաղորդել է CBS News–ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամով հանդիպել է ռուսական պատվիրակության անդամների հետ Աբու Դաբիում: Նա նախատեսում է կրկին հանդիպել նրանց հետ երեքշաբթի օրը՝ խաղաղության գործընթացը քննարկելու և խաղաղության բանակցությունները արագ առաջ մղելու համար», – հայտնում է լրատվամիջոցը:
Հանդիպումները տեղի են ունենում նախագահ Թրամփի կողմից՝ գրեթե չորս տարի տևած ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերի ֆոնին, որի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ են վարում երկու երկրների դեսպանների հետ։
Շաբաթավերջին Դրիսկոլը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, փեսան Ջարեդ Քուշները, ինչպես նաև ուկրաինացի և եվրոպացի դիվանագետներ մասնակցել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած բանակցություններին։ Դրիսկոլի հանդիպումը ռուս պաշտոնյաների հետ տեղի է ունեցել նաև անցյալ շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցից հետո։
Լրատվականի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են նաև Զելենսկու այս շաբաթ ԱՄՆ կատարելիք հնարավոր այցը:

