ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան դեպքով
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան դեպքով․
«Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 23-ին լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կյանքից հեռանալու մասին:
Նիկիտա Պավլովիչը խորհրդային և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մտավ որպես Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու, քառակի չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, 1956թ.ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ինչպես նաև Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի փայլուն մարզիչ (1973-1974, 1984-1985 թթ.):
Ֆուտբոլում ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավլովիչը արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների, այդ թվում՝ ՄՕԿ-ի և ՖԻՖԱ-ի շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV աստիճանի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի պատվավոր կոչումների:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Նիկիտա Պավլովիչի հարազատներին և մերձավորներին»:

