Հայաստանն ու Իտալիան քննարկել են հաշմանդամներին մատուցվող ծառայությունները բարելավելուն միտված հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։

«Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հրավերով Իտալիայի Լոմբարդիա նահանգում ուսումնասիրելու ենք ոլորտի իտալական լավագույն փորձը, համատեղ ծրագրեր իրականացնելու հիմքերն ենք դնելու»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր խմբային տների կառուցման, զբաղվածության և ներառականության ապահովման ոլորտներում Իտալիայի հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիին ներկայացրել է խոցելի խմբերի համար իրենց երկրում իրագործվող պետական ծրագրերը` նշելով որ արդյունավետության հիմքում պետության և համայնքների փոխգործակցությունն է։

Նախարարությունից նշել են, որ զրուցակիցները հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերի հիմքում շեշտադրել են հավասար հնարավորությունների և պայմանների, մատչելի միջավայրի և տարբեր ոլորտներում նրանց մասնակցության ապահովումը՝ ստեղծելու առավել բարեկեցիկ ու ներառական միջավայր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրից բխող գործողությունների իրականացման ընթացքն ու հետագա անելիքները։ Հուշագիրը ստորագրվել է Երևանում կայացած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով համաժողովի շրջանակում։