Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Տիգրան Ավինյան
«Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես՝ Ճամբարակում և, իհարկե, խոշոր հրդեհները մեկ այլ վտանգավոր երևույթ են»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ հրդեհները և դրանցից անջատված տոքսիններն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, որի դեմ իրենք «շատ ինտենսիվ պայքարում ենք»։
Ավինյանը հայտարարեց, թե խոսելու է տասնամյակներով առկա խնդրի՝ բակերում տերևների և աղբի այրելու երևույթի մասին։
«Սիրելի երևանցիներ, տերևների և աղբի վերամշակման այդ «փոքրիկ գործարաններն» առաջին հերթին թունավորում են ձեզ, ձեր շրջակա միջավայրը, ձեր երեխաներին, երբ ապրում ու խաղում են այդ բակում»,-հայտարարեց Ավինյանը։
Հայտնելով, որ պետք է հասկանան թունավորման աստիճանը՝ Ավինյանը նշեց. «Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, ապա այն անգամներով՝ 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է, և այս սեզոնին, երբ որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով և տարբեր տեսակի նյութերով, դրանց գումարած նաև այս փոքրիկ «վերամշակման գործարանները», էականորեն մեր օդի որակը վատթարացնում են»։
Նրա խոսքով ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ դանդաղ է և այրված տոքսիկ նյութերը երկար ժամանակ մնում են նույն տեղում։
Ավինյանը հայտարարեց, թե պետք է սկսեն պայքարել օդի որակի դեմ, քանի որ սկսած նոյեմբերից օդի որակը կտրուկ փոխվում է։

