Կարծում եմ՝ պարզ է հաջորդ կիրակի Նիկոլը որտեղ կլինի

«Կարծում եմ՝ պարզ է հաջորդ կիրակի Նիկոլը որտեղ կլինի: Եվ սա քարոզչական արդյունավետ աշխատանքի լավ օրինակ է»,-գրում է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա մանրամասնում է՝ ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն:

«Չնչին փոքրամասնության փոքրոգությունն ուզում են գործոն դարձնել և դրանով առաջ տանել իրենց սև գործը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա արել են, օրինակ, բանակում: Եվ ճիշտ այնպես, ինչպես դա արել են 2018-ին»,-նշում է քաղաքագետը։

Նշենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս կիրակի՝ նոյեմբերի 30-ին‚ ժամը 11:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Հիշեցնենք,  Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը խիստ քննադատության արժանացավ, քանի որ այս տարվա ապրիլին Փաշինյանին ջերմորեն ընդունել Տալլինի հայկական եկեղեցում, օրհնել նրա ծրագրերը, դեպի Եվրոպա արվող քայլերը. «Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, Ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ: Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի»:

Ի պատասխան Մայր Աթոռը հայտարարեց.  «Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։ Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»: