Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային… 2

Սկիզբը՝ այստեղ

Հոդվածի դեռ նախորդած մասի այս վերնագրով արտահայտված կասկածը, կանխատեսումը և մտահոգությունն անտեղի և անհիմն չէին: Այս պահին, ցավոք, հավելյալ բազմաթիվ հիմքեր կան եզրակացնելու, որ Թրամփի «խաղաղության ծրագիրը» կարող է տապալվել և առավել մեծանալ էլ ավելի մեծ պատերազմի հավանականությունը:

Թրամփի «խաղաղության ծրագիրն», ըստ էության, արդեն մերժել են և Ուկրաինաում, և Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկու հետևում կանգնած Եվրոպայում: Ռուսաստանում նույնպես հասկացրել են, որ այն, ինչ հրապարակայնորեն ներկայացվել է որպես ԱՄՆ- ի առաջարկած «խաղաղության ծրագիր», տվյալ տեսքով, այսինքն՝ որոշ դրույթների առումով իրենց համար անընդունելի է: Գիտակցելով դա, զայրացած Թրամփն արդեն մեկ Ուկրաինային է սպառնում, մեկ Ռուսաստանին, մեկ Ուկրաինային, մեկ Ռուսաստանին…

«Bloomberg» գործակալության տեղեկացմամբ, Կիևը և Ուկրաինայի եվրոպական խոշորագույն դաշնակիցները մերժել են Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրի» առանցքային դրույթները, կարևորագույն տարրերը: Ըստ հրապարակման, եվրոպացի առաջնորդները կասկածներ ունեն ծրագրի կարգավիճակի և լեգիտիմության վերաբերյալ, որը ստիպում է Կիևին զիջել տարածքի մեծ հատվածներ, սահմանափակել իր զինված ուժերի քանակը, ինչպես նաև նախատեսում է ժամանակի ընթացքում չեղարկել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների կամ դրանց մի մասի չեղարկում: Նրանք կրկին հաստատել են, որ նման ծրագիրը հավասարազոր է Ուկրաինայի կապիտուլյացիային։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ըստ Գերմանիայի կառավարության հայտարարության, այսօր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ որոշել են, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է մարտունակ մնան՝ «պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, և ցանկացած խաղաղ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս մարտական շփման գիծը»։

Թերևս ավելորդ է ասել, որ Զելենսկու և նրա եվրոպացի տիկնիկավարների որոշածը նշանակում է Թրամփի «խաղաղության ծրագրի» առանցքային տարրերից առնվազն երկուսի մերժում: Խոսքը Դոնբասի այն դեռ չազատագրված ու փոքր մասը Ռուսաստանին հանձնելու մասին է, որն այժմ դեռ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո է գտնվում, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի քանակը սահմանափակելու: Ծրագրից թեկուզ միայն այս երկու կետի բացառումն այն ՌԴ- ի համար դարձնում է էլ ավելի անընդունելի, թեև խոսքը կարծես թե չի սահմանափակվում միայն նշված երկուսի բացառմամբ:

«Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա,- հեռախոսազրույցից հետո գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։- Դա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն: Մենք սերտորեն համագործակցում ենք (եվրոպական դաշնակիցների հետ)՝ համոզվելու համար, որ սկզբունքային դիրքորոշումները հաշվի են առնվում»:

Մերցը շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ 28 կետից բաղկացած պահանջների և առաջարկությունների ցուցակի պատասխանը ձևակերպելու համար, որը Զելենսկին ստացել է ԱՄՆ- ից, և որը, ըստ Եվրոպայի, կնշանակի արմատական զիջումներ Կրեմլին:

Եվրոպական առաջնորդները հանդիպելու են «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու առաջիկա հանգստյան օրերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Նրանց է միանալու Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ով Թրամփի վստահությունը վայելող մարդու համբավ է ձեռք բերել։

Իրազեկ աղբյուրի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել ԱՄՆ- ի նախագահի հետ՝ ծրագիրը քննարկելու համար, բայց առայժմ ապարդյուն:

Զելենսկին Թրամփի «խաղաղության ծրագրի» քննարկման ֆոնին հանդես է եկել Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված ուղերձով։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան հայտնվել է չափազանց բարդ ընտրության առաջ, և հիշեցրել, որ 2019թ. երդում տալով, խոստացել է պաշտպանել ուկրաինացիների ինքնիշխանությունը և իրավունքները:

«Մենք չենք դավաճանել Ուկրաինային այն ժամանակ (փետրվարի 24-ին), և մենք չենք դավաճանի նրան հիմա, ես գիտեմ, որ ժողովուրդն ինձ հետ է»,- հայտարարել է Զելենսկին։

Նախկին հումորիստն ընդգծել է, որ հետամուտ է լինելու ամերիկյան ծրագրի «կառուցողական» ուղղումներին, փոփոխություններին՝ «հանուն ուկրաինացիների պատվի և արժանապատվության»:

Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնողի վերոնշյալ հայտարարություններն անուղղակիորեն նույնպես նշանակում են Թրամփի «խաղաղության ծրագրի» առանցքային դրույթների մերժում: Զելենսկին ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ երկիրը կանգնած է բարդ ընտրության առջև՝ «կոշտ պայմաններն» ընդունելու և առանցքային դաշնակցի (ԱՄՆ- ի) աջակցությունը կորցնելու ռիսկի միջև:

Պուտինը նշել է հակամարտության լուծման երկու տարբերակ, որոնք ձեռնտու են Ռուսաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը ստացել է ԱՄՆ- ի «խաղաղության ծրագիրը», այն առարկայական կերպով չի քննարկվել, քանի որ Վաշինգտոնը ծրագրին Կիևի համաձայնությունը դեռ չի ստացել: Պուտինի խոսքով՝ Ուկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները մինչ օրս «երազում են Ռուսաստանին մարտի դաշտում ռազմավարական պարտություն մատնել»: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողության նպատակներին հասնում է զինված ճանապարհով, սակայն պատրաստ է նաև խաղաղ բանակցությունների:

Պետության ղեկավարն ասել է, որ ռուսաստանցի զինվորականների կողմից Կուպյանսկը (քաղաք Խարկովի մարզում, որի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է նախօրեին՝ նոյեմբերի 20- ին) գրավելու հետ կապված իրավիճակն անխուսափելիորեն կկրկնվի, եթե…

«Եվ, ընդհանուր առմամբ, դա մեզ ձեռնտու է, քանի որ այն հանգեցնում է մեր նպատակների իրականացմանը զինված ճանապարհով, զինված պայքարի ընթացքում,- Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ասել է Պուտինը:- Բայց մենք, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, պատրաստ ենք նաև խաղաղ բանակցությունների, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Ուկրաինայի հարցով նոր խաղաղ պլանի վրա ԱՄՆ- ի աշխատանքի մասին արևմտյան ԶԼՄ- ները հայտնել էին դեռ նոյեմբերի կեսերին։ 28 կետից բաղկացած փաստաթղթի նախագիծը հրապարակել են «Financial Times»- ը, «Bloomberg»- ը, CNN- ը, ինչպես նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:

Փաստաթղթի նախագծում ներկայացվում են նաև հետևյալ առաջարկությունները. Ուկրաինան պահպանելու է ինքնիշխանությունը, ստանալու է անվտանգության երաշխիքներ, զինված ուժերը կրճատելու է մինչև 600 000 մարդ, հրաժարվելու է ՆԱՏՕ-ին անդամակցելուց և ամրապնդելու է ոչ միջուկային պետություն լինելու կարգավիճակը, ՆԱՏՕ- ի զորքերը չեն տեղակայվելու Ուկրաինայի տարածքում:

Բացի վերոնշյալից, Կիևը ՌԴ մաս է ճանաչելու Ղրիմը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ Խերսոնի և Զապորոժիեի շրջանում շփման գիծը սառեցվելու է: Ռուսաստանը, Եվրոպան և Ուկրաինան պայմանագիր են կնքելու չհարձակման մասին, Մոսկվայի և Կիևի միջև գերիների և զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվելու «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվելու են փուլ առ փուլ: ԱՄՆ- ն նաև առաջարկում է երկարաժամկետ համաձայնագիր կնքել ՌԴ- ի հետ տնտեսական համագործակցության մասին և վերադարձնել նրան G7: Ծրագրի հաստատումից 100 օր անց Ուկրաինայում ընտրություններ են անցկացվելու: Համաձայնագրի կատարումը վերահսկելու է խաղաղության խորհուրդը, որը գլխավորելու է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան