Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ և գրառում արել

Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին պարոն Սկրյաբինը ևս գրքերն նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին: