Լոնդոնի Նյու Բոնդ սթրիթը դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը
Բրիտանական մայրաքաղաքի Նյու Բոնդ սթրիթը 2025 թվականին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը՝ առաջ անցնելով նախորդ տարվա առաջատար իտալական Միլան քաղաքի Վիա Մոնտենապոլեոնեից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Cushman & Wakefield կազմակերպության ամենամյա զեկույցում։
Նյու Բոնդ փողոցում խանութների տարեկան վարձավճարներն աճել են 22 տոկոսով՝ հասնելով 20 հազար 482 եվրոյի՝ մեկ քառակուսի մետրի համար։ Մինչդեռ, միլանյան փողոցում վարձավճարները մնացել են անփոփոխ՝ 20 հազար եվրո։ Մեկ աստիճանով նահանջելով՝ 3-րդ տեղում է հայտնվել Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն, որտեղ նույնպես վարձակալության գները մնացել են անփոփոխ՝ 18 հազար 360 եվրո։
Առաջին տասնյակում են նաև Հոնկոնգի Չիմսաչեյ զբոսայգին (վարձավճարը նվազել է 6 տոկոսով՝ կազմելով 13,9 հազար եվրոյի), Փարիզի Շանզ-Էլիզե փողոցը (12 հազար 520 եվրո), Տոկիոյի Գինզան (գները 10 տոկոսով աճել են՝ 11 հազար 540 եվրո), Ցյուրիխի Բանհոֆշտրասեն (9 հազար 640 եվրո), Սիդնեյի Փիթ սթրիթը (թանկացում 4 տոկոսով՝ 7 հազար 300 եվրո), Սեուլի Մյոնդոնը (աճ 1 տոկոսով, 6 հազար եվրո) և Վիեննայի Կոլմարկտը (աճ 2 տոկոսով, 5,5 հազար եվրո):
«Աշխարհի հիմնական առևտրային փողոցներ»-ը ամենամյա սանդղակը Cushman & Wakefield-ը կազմում է արդեն 35 տարի։ 2025 թվականին դրանում ներառվել էր 141 քաղաք:
Վարկանիշում այս տարի ընդգրկված փողոցների 58 տոկոսում գրանցվել է անշարժ գույքի գների թանկացում։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում վարձավճարները աճել են 8, Եվրոպայում՝ 4, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոսով։
Վարձավճարների առավել նշանակալի աճ է գրանցվել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Օսկար Ֆրեյրե փողոցում (65%) և Բուդապեշտի Ֆեյշն սթրիթում (Դեակ Ֆերենցի փողոց՝ 33%)։ Գների ամենանշանակալի անկումը գրանցվել է Չիկագոյի Օուք փողոցում (14%)։

