Եվ ուրեմն հիշենք Հիտլերի իշխանությանը գալը

Եվ ուրեմն հիշենք Հիտլերի իշխանությանը գալը։ Նա, ինչպես հայտնի է յուրաքանչյուր ֆեյսբուքահայի, իշխանության եկավ ալամ աշխարքիս ամենաժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Դրանցից ավելի ժողովրդավարական մեկ էլ Նիկոլի ընտրություններն են, որոնք ոչ թե միայն ալամ աշխարքում, այլև՝ ողջ Գալակտիկայում են ամենաժողովրդավարականը։

Սակայն անցնենք Հիտլերի ընտրությունների վրայով։ Երբ որ ասում եմ “ընտրություններ”, դա հենց հոգինակիով նկատի ունեմ, որովհետև Հիտլերը մի ժողովրդավարական ընտրություններով չէր բավարարվել։

Առաջին այդպիսի ընտրությունները անց կացվեցին 1932թ․ հուլիսի 31-ին։ Դրանում նացիստները թեպետ 37%-ով զբաղեցրեցին առաջին տեղը, սակայն ինքնուրույն կառավարություն ձևավորել չէին կարող։ Չհաջողվեց նաև կոալիցիա ձևավորել ու որոշ ժամանակ տևած կոնֆլիկտներից ու ինտրիգներից հետո Գերմանիայի նախագահ Հինդենբուրգը արձակում է նոր ձևավորված ռայխստագը ու նշանակում է նոր ընտրություններ։

Հիտլերի այդ երկրորդ ընտրություններն անց կացվեցին 1932թ․ նոյեմբերի 6-ին։ Այս ընտրություններին նացիստների գործերը վատ գնացին․ 37%-ի փոխարեն նրանք հավաքեցին 33% ձայն, թեպետ և շարունակեցին մնալ առաջին տեղում։ Ու նորից սկսվեցին կոնֆլիկտներ ու ինտրիգներ, սակայն այս անգամ մոտ երեք ամիս անց, այնուամենայնիվ, ձևավորվում է կոալիցիոն կառավարություն, իսկ Հիտլերը նշանակվում է ռայխսկանցլեր։

Կառավարության ղեկավար դառնալուց անմիջապես հետո Հիտլերը հայտարարում է նոր ընտրությունների գնալու մասին։ Հիտլերի երրորդ ընտրություններն անցան 1933թ․ մարտի 5-ին։

Նախընտրական շրջանն ուղեկցվեց Հիտլերի ընդդիմադիր ուժերի և հատկապես (բայց ոչ միայն) կոմունիստների հետապնդումներով։ Արգելվել էին ցույցերն ու հանրահավաքները, կոմունիստական թերթերը, երկրով մեկ ձերբակալությունների ու խուզարկությունների մեծ ալիք անցավ։ Եղան նաև ֆիզիկական հարձակումների դեպքեր, որոնց արդյունքում զոհվեցին կոմունիստական կուսակցության մի քանի տասնյակ անդամներ։ Հիտլերի հակառակորդները, ըստ էության, այդ պահին ստիպված էին առավելապես գործել ընդհատակից։

Ահա այս պայմաններում 1933թ․ մարտի 5-ին տեղի ունեցան նոր ընտրություններ։ Նացիստները հավաքեցին 44% ձայն, ինչը կրկին չէր բավարարում միանձնյա կառավարություն ձևավորելու համար։ Արդեն հաջորդ օրը Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը, որը հավաքել էր 12% ձայն, արգելվեց։ Նույն օրը երկրով մեկ ձերբակալվեցին կոմկուսի մոտ 1500 անդամներ, այդ թվում՝ անխտիր բոլոր ընտրված պատգամավորները։ Կոմունիստ պատգամավորների մանդատները ապօրինաբար չեղարկվեցին։

Գրեթե նույն ճակատագրին արժանացավ նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը 18%-ով երկրորդն էր նորընտր ռայխստագում։ Բայց սոցիալ-դեմոկրատների մի մասը հասցրեց հեռանալ երկրից։ Ձերբակալվեցին նաև 11%-ով 4-րդ տեղը զբաղեցրած Կենտրոնի կուսակցության անդամները։

Արդյունքում նորընտիր ռայխստագը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկում ողջ իշխանությունը Հիտլերին հանձնելու մասին օրինագծին։ Դեմ են քվեարկում միայն սոցիալ-դեմոկրատ պատգամավորները։ Ընդդիմադիր մյուս կուսակցությունների պատգամավորները բանտից միաձայն իրենց համաձայնությունը տվեցին այդ օրինագծին։

Սակայն այս հպատակեցված ռայխստագը, միևնույնն է, Հիտլերին անհանգստություն էր պատճառում։ Ուստի 1933թ․ նոյեմբերի 12-ին նա կազմակերպում է ևս մի արտահերթ ընտրություն։ Այս անգամ տհաճ անակնկալներից խուսափելու նպատակով քվեաթերթիկներում առկա էր միայն մեկ կուսակցություն՝ նացիստականը։ Իսկ որպեսզի գերմանացի ընտրողի խելքին հանկարծ չփչի դեմ քվեարկել, քվեաթերթիկում առկա էր միայն կողմ արտահայտվելու օպցիա։

Արդյունքում լրիվ անսպասելիորեն ռայխստագում բոլոր տեղերը զբաղեցրեցին նացիստները։

Իսկ նախորդ գումարման ձերբակալված պատգմավորներից 96-ը մահապատժի ենթարկվեցին 1933-1945թթ․ ընթացքում։

Նկարում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանն է Բեռլինում։ 96 չուգունե թիթեղներ․ յուրաքանչյուրի վրա զոհված պատգամավորի անունը և մահվան տարեթիվը։

Հ․Գ․

Եթե այս պատմությունից դուք կեզրակացնեք, որ Նիկոլը կառուցում է ֆաշիստական դիկտատուրա, ապա ասեմ, որ դուք ճիշտ եք։

 Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան գրառումը