Գերմանիայի ՊՆ-ն նախազգուշացնում է 2029-ին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է 2029 թվականին, իսկ որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ նույնիսկ 2028-ին, հնարավոր պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում
Պիստորիուսի խոսքով՝ զինվորական փորձագետները և հատուկ ծառայությունները գնահատում են, թե մոտավորապես երբ Ռուսաստանը կվերականգնի իր զինված ուժերի կարողությունները՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակվելու համար։
«Մենք միշտ ասել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականից։ Այժմ կան կարծիքներ, որ վտանգը հնարավոր է արդեն 2028 թվականին, իսկ առանձին ռազմական պատմաբաններ նույնիսկ պնդում են, որ մենք ունեցել ենք վերջին խաղաղ ամառը»,– նշել է Պիստորիուսը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքների բնույթը վերջին տարիներին փոխվել է, սակայն եվրոպական երկրները դա լիարժեք գիտակցել են միայն 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո։
«Հիմա պարզ է, որ Մոսկվայում կա խոշոր հակառակորդ, որը գործում է առավելագույնս անխնա և կայսերական։ Մենք պետք է ավելի լավ պատրաստ լինենք»,– ասել է նա։
Պիստորիուսը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ ցույց տա, որ կարող է պաշտպանել իրեն, որովհետև դաշինքը ունի զսպման զգալի ներուժ՝ սովորական և միջուկային։ Նա ընդգծել է նաև Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է դրանք ավելի լավ վերազինել։
Գերմանիայի նախարարի հայտարարություներին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ Պիստորիուսի խոսքերը ապացույց են ՆԱՏՕ-ի ագրեսիվ վարքագծի։

