Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում ապացուցողական և վարութային այլ գործողություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ, լրագրող Լիա Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։ Նրա տեղեկություններով՝ խուզարկվում են Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի և Տիգրան Գևորգյանի բնակարանները, ինչպես նաև նշել է, որ նախատեսվում է այցելել դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի տուն։