Մադուրոն առաջարկել է երկրի նավթահանքերի մեծ մասի վերահսկողությունը հանձնել Միացյալ Նահանգներին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրի նավթահանքերի մեծ մասի վերահսկողությունը հանձնել Միացյալ Նահանգներին, հաղորդում է The New York Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ Վենեսուելայի առաջնորդը ռազմական բախումից խուսափելու համար, նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկ էր արել, որը փաստացի Միացյալ Նահանգներին կտար հանրապետության էներգետիկ պաշարների զգալի մասի նկատմամբ իրավունքը։ Թրամփը հրաժարվել է բանակցություններ վարել, սակայն կողմերը լիովին չեն դադարեցրել այս հարցի շուրջ քննարկումները, և Վենեսուելայի ափերի մոտ ավիակիր խմբի տեղակայումը նախատեսված է ԱՄՆ վարչակազմին Մադուրոյի դեմ ճնշման լրացուցիչ լծակներ տալու համար։

Անանուն եվրոպացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնը պարզապես բարձրացնում է լարվածության աստիճանը և հույս ունի, որ Մադուրոն կհեռանա երկրից կամ կկալանավորվի և կարտահանձնվի Միացյալ Նահանգներին։

Թրամփը ուրբաթ օրը հայտարարել էր, որ ինքը կարծիք է կազմել այն գործողությունների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնը պետք է ձեռնարկի Վենեսուելայի հարցում, սակայն մանրամասներ չի հայտնել։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները մեծ առաջընթաց է գրանցել Վենեսուելայի հետ՝ թմրանյութերի առաքումները դադարեցնելու հարցում։