Պարզաբանում՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել՝ Վաղարշապատ, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա հասցեում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունները որևէ փաստական հիմք չունեն։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ընտրողների նախնական և վերջնական ցուցակների հրապարակումն ը իրականացվում է տվյալ հասցեներում հաշվառված անձանց և նրանց ընտրատեղամասերի ճշգրտման նպատակով։ Դրանով ապահովվում է ընտրական ցուցակների թափանցիկությունն ու հաշվառումների ստուգելիությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա» հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ մինչ օրս ծառայությունում որևէ ճշգրտման դիմում կամ տեղեկատվություն չի ստացվել։
Տվյալ հասցեում ներկայումս հաշվառված են 22 անձ, որոնցից փաստացի հիմունքներով հաշվառված են միայն 2-ը։ Մնացած 20 անձանց հաշվառումը կատարվել է պատշաճ վարչարարության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով։
Նշված հասցեում հաշվառումը կատարվել է 2021 թվականին, այսինքն՝ առաջիկա ընտրությունների ընտրացուցակների հրապարակումից շուրջ չորս տարի առաջ։
Նշվածը փաստում է, որ ընտրացուցակ կեղծելու կամ տվյալ հասցեում ընտրող ավելացնելու վերաբերյալ տարածվող հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներից և հայտարարություններից։
Տարվա ընթացքում ստացված նմանատիպ ահազանգերի ուսումնասիրությունների ընթացքում անճշտություններ չեն արձանագրվել։
Հաշվառման կամ տվյալների հնարավոր սխալների հայտնաբերման դեպքում կնախաձեռնվի համապատասխան ծառայողական քննություն՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրությունում։

