Ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով․ ՍԱՏՄ

«Իրանից ներմուծվող կաթնային սերուցքը մինչև երկիր մտնելն անցնում է սահմանային պետական վերահսկողություն. ցանկացած մթերքի ներմուծումը կատարվում է տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրված անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստուգմամբ և, եթե մթերքը բարձր ռիսկային է, նաև լաբորատոր փորձաքննությամբ»,-հայտնում է ՍԱՏՄ-ն՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ուղղված իրանական սերուցքի վերաբերյալ հարցին։

Տեսչական մարմնից հայտնում են, որ այն ստուգվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։

«Եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում և իրացվում է։ Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Ինչ վերաբերում է իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ՌԴ ներմուծման արգելանքին, ապա դա չի առնչվում իրանական սերուցքի որակին: Խնդիրը բոլորովին այլ է. իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք ՌԴ-ում վաճառվում է և ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով»,-հայտնում են ՍԱՏՄ-ից։