Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին

Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում, փոփոխությունները կապված են իշխանությունների թևերի ապակենտրոնացման, զսպման և հավասարակշռման սկզբունքների հիման վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նախ մենք խնդիր ունենք ԱԺ–ի ուժեղացման, որոշում ունենք նաև փոխելու ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվելու կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջինով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձեւավորել խորհրդարան։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրություն է լինելու»,– ասել է Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով, ԱԺ–ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու Կառավարության ձեւավորման հետ կապված. «Այս պահին արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ նախարարի թեկնածուին կարող է հանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»։