Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարածքը, հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել ՌԴ կամ ԱՄՆ վերահսկողությանը․ ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ։ Մենք չպետք է ազգային շահերը կապենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, Teleqraf-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Այս մասին փոխանցում է «Խրոնիկա Կավկազա»-ն։
Նրա խոսքով, եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.), իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն»:
Հասանգուլիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջևան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռևս չի ձեռնարկում:
«Վաշինգտոնյան հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանդարտվել են»,-հավելել է պատգամավորը:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է առաջարկել խաղաղության հուշագիր ստորագրել այն պայմանով, որ Հայաստանը շտապ սկսի դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը և մոտ ապագայում պարտավորություն ստանձնի համապատասխան փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

