Կարգալույծ Կորյուն աբեղան՝ Արմեն Առաքելյանը, հափշտակել է քաղաքացու գույքը, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»

 «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման «պարագլուխ» կարգալույծ նախկին Կորյուն աբեղան, այժմ՝ Արմեն Առաքելյանը հափշտակել է քաղաքացու գույքը, բայց իրավապահ մարմինները քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ Առաքելյանի կողմից վստահված գույքի հափշտակության վերաբերյալ։  Դեպքի մասին ահազանգում է քաղաքացին։

Այսպես՝ հոկտեմբերի 28-ին քաղաքացին ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ 2016-2024թթ Ջերմուկ համայնքի Գնդեվանք վանական համալիրում՝ տարբեր օրերի, տարբեր չափերով առձեռն, մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս կարգալույծ հռչակված Հայր Կորյունին՝ Արմեն Առաքելյանին՝ նշված վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև՝ տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։ Բացի այդ՝ քաղաքացին հայտնել է, որ վերոնշյալ գումարից բացի՝ Առաքելյանին է նվիրաբերել նաև 2 կգ արծաթ, սակայն ոչ նվիրաբերված գումարը, ոչ արծաթը չի ծառայել իր նպատակին, յուրացվել են Առաքելյանի կողմից։  

Հաղորդման վերաբերյալ, սակայն, քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վստահված գույքի հափշտակության վերաբերյալ հաղորդում են ստացել, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել, որովհետև վարույթի նախաձեռնման համար հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ Արմեն Առաքելյանը, որը 2018թ գլխավորում էր «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը, որի մասնակիցները ներխուժում էին Մայր Աթոռի տարածք, այդ թվում՝ դիվանատուն, կարգալույծ է հռչակվել դեռ 2018թ հուլիսի 17-ին՝ եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: