ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. ԱԽ քարտուղարը Բրյուսելում
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին:
ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝
«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս հնարավորությունները, որոնց իրագործման համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ճանապարհ հարթել: Նախևառաջ ցանկանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնց համար Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության վերաբերյալ երկխոսությունը կարևոր է։
Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։
Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։
2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։
Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

