Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիևը կրկին խոսել է «առանց տանկերի վերադառնալու» մասին
Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը», – ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։
«Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ», – ասել է Ադրբեջանի նախագահը։

