Հնդկաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իր ամենածանր արբանյակը
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հաջողությամբ արձակել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար ամենածանր կապի արբանյակը, հաղորդում են հնդկական լրատվականները։
Նոր 4.4 տոննա քաշով GSAT-7R արբանյակը գեոստացիոնար ուղեծիր է դուրս բերվել LVM3 կրող սարքի միջոցով՝ Շրիհարիկոտա տիեզերակայանից։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոր GSAT-7R արբանյակը ամենաառաջադեմն է Ռազմածովային ուժերի զինանոցում առկա բոլոր արբանյակներից։ Ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ այս տեխնոլոգիաները զգալիորեն կբարելավեն Ռազմածովային ուժերի կարողությունները։
GSAT-7R-ը նախատեսված է Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում կայուն և անվտանգ հեռահաղորդակցության ծածկույթ ապահովելու համար: Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արբանյակային կապի համակարգը հնարավորություն կտա հուսալի կապ հաստատել նավերի, ինքնաթիռների, սուզանավերի և Հնդկաստանի ռազմածովային ուժերի ծովային գործողությունների կենտրոնների միջև:

