Ռուսաստանից կվտարեն Մերձմոսկվայում հայտնաբերված ավելի քան 4,3 հազար անլեգալ ներգաղթողների
«Անլեգալ-2025» գործողության երկրորդ փուլը, որն ուղղված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին եւ վարչական իրավախախտումների ու միգրացիայի հետ կապված հանցագործությունների բացահայտմանը, անցկացվել է Մոսկվայի մարզում հոկտեմբերի 13-22-ին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Դատարանները կայացրել են ավելի քան 4 300 որոշում Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ», ասել է ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվայի մարզի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Պետրովան։
Ընդհանուր առմամբ, գործողության երկու փուլերի ընթացքում կանխվել է ավելի քան 15,7 հազար վարչական իրավախախտում, Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտման համար կազմվել է ավելի քան 10 հազար արձանագրություն, իսկ անօրինական աշխատանքային գործունեության համար՝ ավելի քան 2,1 հազար։
Գործատուների դեմ կազմվել է ավելի քան 1,6 հազար վարչական արձանագրություն՝ օտարերկրացիներին անօրինական աշխատանքի ներգրավելու համար։
Բացի այդ, իրավապահ մարմինները հարուցել են 748 քրեական գործ՝ միգրացիայի հետ կապված հանցագործությունների համար։ Դրանց թվում՝
77՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար,
6՝ քաղաքացիների կեղծ գրանցման հետ կապված,
430՝ օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կեղծ գրանցման հետ կապված,
235 գործ՝ կապված փաստաթղթերի կեղծման հետ։
29 գործ հարուցվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, եւս 24-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված այլ հանցագործությունների համար։

