Կասկածի տակ են դնում ԱԳՆ կողմից կատարվող շարունակական աշխատանքը․ պարզաբանում
ՀՀ-ԵՄ գործընկերությունը, այդ թվում՝ տարբեր ուղղություններով ՀՀ-ին ԵՄ աջակցությունը վերջին տարիներին միայն ավելացել է, և նշանակալի:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մտքի փայլատակումով անհաջող փորձ կատարեց կասկածի տակ դնել մի կողմից՝ ՀՀ ԱԳՆ կողմից կատարվող շարունակական աշխատանքը, մյուս կողմից՝ ՀՀ-ին ցուցաբերվող ԵՄ աջակցությունը՝ բնույթով և ֆինանսական ծավալներով։
Հրապարակման մեջ գումարի չափի սխալ հիշատակումն ինքին վկայում է նվազագույն լրագրողական գրագիտության բացակայության կամ միտումնավոր մանիպուլյացիայի մասին. խոսվում է Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի համար քննարկվող «100 մլն եվրո աջակցության» մասին, այնինչ նշյալ գործիքի ներքո դիտարկվող՝ արդեն երկրորդ աջակցության չափը 20 մլն է, ինչի մասին եղել են բազում հանրային անդրադարձներ։
Ուշագրավ է, որ այս հրապարակումն արվում է այն ժամանակ, երբ վերջին տարիներին ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին էականորեն աճել է և ընդգրկում է ոչ միայն տնտեսական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ֆինանսավորումը, մարդասիրական աջակցությունն, այլև անվտանգային բաղադրիչներ. աջակցություն, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունն ու խթանել կայուն զարգացումը:
Բավարար է ուշադրություն դարձնել ընդամենը մի քանի ծրագրի, որոնց մասին ևս բազում հանրային անդրադարձներ են եղել։
2024-2027թթ. համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270մլն եվրո աջակցություն, որից 200մլն դրամաշնորհներ են՝ ուղղված սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ սերտ ոլորտային համագործակցության աջակցմանը։
«Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության շրջանակներում աջակցության բյուջեն 5 տարիների համար մոտավոր կազմում է 150մլն եվրո, որից 65մլն կրկին դրամաշնորհներ են։
Մարդասիրական օգնության համատեքստում ԵՄ կողմը 2020թ. ի վեր բռնի տեղահանված անձանց օգնության համար տրամադրել է 38.4մլն եվրո աջակցություն:
Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում հայտարարված ներդրումները կարող են հասնել մինչև 2.6մլրդ եվրոյի, որի նշանակալի մաս արդեն իսկ հատկացվել է:
2021 թվականից մեկնարկած «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում կանխատեսվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը:
Հ. գ. հարցմանն ԱԳՆ կողմից տրված պատասխանը մանիպուլատիվ մոտեցմամբ «ոչինչ չասող» բնութագրելու փոխարեն «Ժողովուրդ» օրաթերթի գործընկերներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ իրենց իսկ մասին վատը խոստովանող հրապարակումներ անելուց։
ՀՀ ԱԳՆ

