Երևանյան ֆորումին մասնակցությունից հրաժարվելը քաղաքական մանրակրկիտ վերլուծության կարիք ունի

Ինչպես երևում է ստացված տեղեկատվությունից, Էրդողանն ու Ալիևը Երևան չեն գալու, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին դեմքերի հերթական ֆորումը: Դա շատ վատ է: Վատ է նախ այն իմաստով, որ կրկին անգամ ապացուցում է անվստահության, մերժողական վերաբերմունքի առկայությունը երկու հարևան թուրքական երկրների ղեկավարների մոտ: Կարելի էր գալ և կոտրել թշնամանքի սառույցը հասարակությունների միջև: Գալը կապացուցեր նաև, որ վաշինգտոնյան օգոստոսի 8-ի հանդիպումն ու ստորագրված փասթաթղթերը արժեք ունեն: Դժվար թե նրանց մոտ անձնական անվտանգության առումով մտահոգություններ կան: Հայաստանի իշխանությունները այս առումով ամեն ինչ բարձր մակարդակով կկազմակերպեն: Ես դրանում կասկած չունեմ: Երևանյան ֆորումին մասնակցությունից հրաժարվելը քաղաքական մանրակրկիտ վերլուծության կարիք ունի: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ժամանակին եկավ Հայաստան և որևիցե խնդիր չեղավ և այդ ժամանակ հասարակությունները կրկին ակնկալում էին, որ սառույցը հալվում է և կոտրվում: Այն ժամանակ արդեն ստորագրվել էին 2009 թ. Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները: Բայց եղավ այն, ինչ որ եղավ: Անկախ ամեն ինչից, Գյուլը իսկապես համարձակ և պոզիտիվ քայլ կատարեց: Սերժ Սարգսյանն էլ կատարեց պատասխան այցը: Մի պահ հեռանալով քաղաքական և քաղաքագիտական բարձրագոչ մեկնաբանություններից, պարզապես հասարակ մարդկային հարաբերությունների արժևորման առումով ցանկանում եմ նշել, որ երբեմն պետական ղեկավար առաջին դեմքերի միջանձնային հարաբերություններն ու հարգալից վերաբերմունքը կարող են վճռական նշանակություն ունենալ հենց միջպետական հարաբերությունների կարգավորման, կոնֆլիկտների լուծման և ճգնաժամերի հաղթահարման գործում: 60 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց լսարանում անդրադառնակով Կարիբյան ճգնաժամին՝ ես միշտ նշում եմ, որ քաղաքակրթությունը միջուկային աղետից փրկվեց Քենեդու և Խրուշչովի գիտակից և հումանիստական միջանձնային հարաբերությունների շնորհիվ, որոնց ճարտարապետը մեր մեծ հայրենակից Անաստաս Միկոյանն էր: Լավ եղեք, դեմքերն ու դեպքերն էլ չմոռանաք:

Գարիկ Քեռյան՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր