Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով

«Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։

Առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։

Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.

«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։

Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։ 

Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։

Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝

  • հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը,
  • դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։

Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։ 

Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։

Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։ 

Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։

Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը:

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը