Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ. ներկայացվել է «Թրամփի ուղի» նախագիծը
Հունաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալվել է Պանդեոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված դասախոսությամբ` «Հայաստան. արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային բալանսավորում» վերնագրով, հայտնում են դեսպանությունից:
Միջոցառումը վարել է Պանդեոյի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Տրիանդաֆիլուն։ Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հարաերությունների ինստիտուտռի գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլին։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի ապագայի համար։ Կետ առ կետ քննարկվել է համատեղ հռչակագիրը։
Ներկայացվել է «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկի» համատեքստում։ Վերջինիս դեսպանն անդրադարձել է` ներկայացնելով ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագիրը։
Դեսպանն այնուհետև քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները և դրանց նշանակությունը տարաշածրջանային անվտանգության համար։
Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող երկխոսությանը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։
Մեծ նշանակություն է տրվել Հայաստան-Հունաստան համագործակցության խորացմանը և դրանց հեռանկարներին, այդ թվում և պաշտպանության ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքներին։
Դասախոսությանը ներկա են գտնվել դիվանագետներ, փորձագետներ, ուսանողներ, լրագրողներ։
Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

