Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա օդային հարձակումները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա վերջերս իրականացված ավիահարվածները, որոնց հետևանքով զոհվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դպրոցականներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Իսրայելի շարունակական անպատժելիությունը, որն ամրապնդվում է Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությամբ, հանգեցրել է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բազմակի խախտումների»,-նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Բաղային նաև կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր պարտականությունները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի օդային ուժերն ակտիվացրել են ռմբակոծությունները Լիբանանի հարավային շրջանների վրա։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ Նաբատիե շրջանի Թուլ բնակավայրում իսրայելական ուժերի կողմից մեքենայի թիրախավորման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

