Ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ 

Համաժողովի շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Նախորդ անգամ՝ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը:

Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր, ոչ միայն դեպի Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ, նրանց հետ սահմանի բացումով։

Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք։ 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության Հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։ Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին, և նրա 3–րդ կետում, ասվում է Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա մեջբերում էր օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրից:

Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ 

«Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում