Վրաստանը Հայաստանի հետ մշակում են նոր կրթական նախագծեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։

Գիվի Միքանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նաև նոր նախագծեր։ Մասնավորապես, դրանք վերաբերվում են ուսանողների համար կրթաթոշակների տրամադրմանը, կրթական ճամբարների կազմակերպմանը և այլն։ Նախարարը ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես բարձրագույն կրթության, գիտահետազոտական ծրագրերի և ուսանողական շարժունության ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։