Վրաստանում որոշակի կատեգորիայի մարդկանց արգելվել է կուսակցություններ ստեղծել
Վրաստանի Սահմանադրական դատարանին լիազորություն է տրվել արգելել որոշակի անձանց կուսակցություններ ստեղծելը։
Երկրի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը՝ 81 կողմ ձայնով։
Ըստ փոփոխությունների՝ Վրաստանի Սահմանադրության սկզբունքները խախտող կուսակցության անդամ հանդիսացող անձանց այսուհետ կարգելվի մասնակցել խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին։ Նրանց նաև կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ, ստեղծել քաղաքական կուսակցություններ կամ լինել դրանց ղեկավար կամ անդամ։
Փոփոխությունները նախաձեռնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դրանց նպատակն է բարելավել Վրաստանում քաղաքական միջավայրը և կանխել արմատական ծայրահեղական խմբավորումների գոյությունը, որոնք մշտապես սպառնալիք են ներկայացնում պետականության համար։

