Շաքիի ջրվեժում գենդեր փարթիի «հեղինակը» հայտնաբերվել է

ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։

Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։ Տեսչական մարմնից հայտնել էին, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։