Քաղաքացու եկամուտների հայտարարագիրը որոշ դեպքերում ավտոմատ լրացված կհամարվի. նոր կարգավորում

Այն քաղաքացիները, որոնք Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, ապա կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ:

Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր նախագիծը մշակել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կառավարության հետ համատեղ: Նախագծի վերաբերյալ մանրամասներ է հայտնել խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Պատրաստվում ենք էապես պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն ու գործընթացը»,-նշել է պատգամավորը: Գործող կարգավորմամբ՝ աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ և լրացնեն հայտարարագիրը: Երբ քաղաքացին մուտք է գործում համակարգ, տեսնում է այնտեղ ինքնաշխատ լրացված որոշակի տողեր:

Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որը ՊԵԿ-ն ունի, օրինակ՝ աշխատավարձը, արդեն լրացված է լինում: Եթե քաղաքացին տեսնում է, որ կա տեղեկատվություն, որ պետք է ավելացնել, ապա ավելացնում է ու հաստատում հայտարարագիրը:

Եթե համաձայն է բոլոր տվյալների հետ և գտնում է, որ ավելացնելու բան չկա, ուղղակի հաստատում է և դուրս գալիս համակարգից:

«Մենք այժմ որոշակի փոփոխություն ենք կատարում այդ տրամաբանության մեջ: Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի ինքը որևէ այլ եկամուտ չունի և փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է անգամ մուտք չգործել այդ համակարգ: Եվ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել:

Այսինքն՝ այս դեպքում չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի»,-ասաց Թունյանը:  Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ է լրացնելու, ավելացնում են ՊԵԿ-ի գործիքակազմը և ավելի շատ ինֆորմացիա ստանալու հնարավորություն տալիս: Իսկ այն քաղաքացիների համար, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ ու կլրացնեն հայտարարագիրը, լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի:

Այսինքն՝ եթե քաղաքացին իր համաձայնությունը համակարգում տա, ապա ՊԵԿ-ը կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ և ինքնաշխատ լրացնել:

«Սա արվում է մարդկանց կյանքը հեշտացնելու համար: Մենք պատժիչ տրամաբանությունից անցնում ենք մոտիվացիոն տրամաբանությանը, որովհետև հայտարարագիր չլրացնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինում, որովհետև նման դեպքեր էլ չեն լինում: Բայց քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն՝ կրթության և առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի և գոնե կհաստատի այդ հայտարարագիրը»,-ասաց Թունյանը:

ՔՊ-ն մտադիր է նախագիծն ընդունել արտահերթ ռեժիմով, որ այն ընդունված լինի մինչև նոյեմբերի 1-ը: