Իմպիչմենտի գործընթացի շուրջ նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

««Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկել է Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին, պարզապես այս հայտարարության մեջ դրանք կրճատ շարադրված են»,-այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Այս փաստերը կարելի էր ավելի երկար շարունակել և այստեղ ներկայացված են բացառապես ամենաաղաղակող, մեր երկրի համար ամենաշատ ցավ և խնդիրներ առաջացնող փաստերը։

Հայտարարության ներկայացումից ի վեր թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել, մենք չենք ներկայացնելու փոփոխություն, բայց «Արտաքին քաղաքական արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնյան արձանագրությունների, Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում։ Եվ երկրորդ, «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ» հատվածում մենք ունենք ևս մեկ խայտառակ ապօրինի որոշման օրինակ. ուրբաթ օրը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված ապօրինի որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը»,–ասաց նա։

Հայկ Մամիջանյանը խոսելով այդ թեմայով անցկացված խորհրդարանական լսումների մասին, Ասաց․ «Ես ճիշտն ասած վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ։ Առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ ևս մեկ անգամ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ խոսակցականում իմպիչմենտի գործընթացը չէ։ Սա հայտարարություն է, որում արձանագրվել է մեր երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական, ինչպես նաև անվտանգային խնդիրները։

Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով, և դա լրիվ այլ գործընթաց է»։

Մանրամասները՝ տեսանյութում