Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

2020 թ. այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավտոյան ժամը 7:10-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ հարձակում, պատերազմը տևեց 44 օր:

Զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն պայմանավորվածությունները հակառակորդը չպահեց։ Ինչպես մի քանի անգամ շեշտել է ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը չի համաձայնել պատերազմը դադարեցնելու ՌԴ հորդորին։

Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։

44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը պաշտոնական տվյալներով 3 830 է։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար ռուս խաղաղապահները դիտակետեր տեղակայեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

44-օրյա պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին, 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ևս մեկ հարձակում իրականացրեց Արցախի վրա։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում 21 խաղաղ բնակիչ, որից 6-ը՝ երեխա։ Անհնարին դարձավ իր հազարամյա բնօրրանում արցախցու անվտանգ գոյությունը։

Չորս պատերազմով անցած արցախցիները լքեցին իրենց տները և ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։

Արցախը հայաթափվեց։ Այդ օրերին Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։